Հարթագյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում` Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան ծայրամասի լեռնաշղթայի մեջ խրված սեպաձև մի հովիտում , որը, չգիտես ինչու, չեն կոչել ՙԾԱՂԿԱՆՑ ՀՈՎԻՏ՚:
Այստեղից սկիզբ է առնում Փամբակ գետի վտակներից մեկը և, ասես, իր հետ տանում է հովտում երբևէ ապրած մարդկային հոգու լուռ կարոտները: Եվ ալիքների խայտանքը լուսե այս երազների փշրանքն է կարծես:
Գյուղը շրջապատված է բարձր, կանաչազարդ լեռներով, որոնք հովտին մի տեսակ միջնաբերդի տեսք են տալիս:
Հովիտն ու լեռների ստորոտները ամռանը ծփում են բազում ծաղիկների երփներանգ գույներ: Երբեմն գույների երաժշտական գամման մտովի իր հետ տանում է ինձ դեպի հովտի նախապատմական անցյալը և ես, արբեցած ծաղկանց բույրով, շրջում եմ կուսական հովտում, ուր մոգական բույրն է անցյալի, ու դեռ անեղծ հովիտը` բազում հրապույրներով, կարոտ մարդու ձեռքի ու մտքի արարաման կրքին նազում է կապույտ մշուշում: Եվ ինձ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ հովտում, ինչ-որ մի կարոտ` սիրո, արարման: Լուռ ցանկություն է առաջանում մի տեսակ նախամարդանալու, հովտի պատմության մեջ առաջինը լինելու, ինչ-որ զոհաբերվելու կամ ընծա առնելու պես մի բան:
Ո՛վ գիտի քանի կարոտներ են մարել մեր հովտում ,որքա˜ն մտքեր անարար, կրքեր` կամային ու կրակոտ, զուսպ տրվել են մշտահոս գետի կայտառ ջրերին: