
Նավասարդյան տոնակատարություններ.Ազատության հրապարակ
«Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը 2014 թվականի օգոստոսի 11-ին Ազատության հրապարակում անցկացրեցին Նավասարդյան տոնակատարություններ` նվիրված Հայկի Մեծ հաղթանակին և բուն Հայոց տոմարի 4506-ամյակին (Ք.ա. 2492-2014 թթ.): Միջոցառման շրջանակներում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը և իր կողմից ղեկավարվող երգիպարի համույթի անդամները ներկայացրեցին ազգային պարերի միջոցով պահպանված մեր մշակույթային ժառանգությունը:
Ողջունելով ներկաներին «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հունանյանն իր ելույթում մասնավորապես նշեց Հայկ Նահապետի հաղթանակի խորհուրդը պետականաշինության լույսի ներքո և Հայոց մեծ հաղթանակների հանրահռչակման կարևորությունը: Ազատության հրապարակ բերվեցին պատմական Հայաստանի պետականությունը խորհրդանշող դրոշները՝ Մեծ Հայքից մինչև Արցախ: Հանդիսության մասնակիցներին բաժանվեց հաղթանակի խորհրդանիշ «Հայկի հաղթանակի ժապավենը»: Երգի-պարի համույթի հետ միասին, համակվելով իշխող տրամադրությամբ, ազգային պարեր սկսեցին պարել նաև Հրապարակում հավաքված բազմաթիվ ներկաները: Հանդիսությանը անմասն չմնացին նաև Հրապարակում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ մասնակցեցին պարերին՝ հիացմունքն ու երախտագիտությունը հայտնելով կազմակերպիչներին:

