
ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ akt
Հարթագյուղը որպես բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այդ մասին են վկայում տարբեր ժամանակներում գյուղի տարածքում հայտնաբերված պատմական նյութերը և մեր օրերը հասած ժողովրդական ավանդույթները:
Մասնավորապես` գյուղի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են` խեցեղեն, կուժ, կուլա, կարասներ, կավից պատրաստված սրվակներ, ասեղներ, զարդեր, որոնց մի մասը մշակութաբանորեն պատկանում են ուրարտական շրջանին, մի մասն էլ` ավելի վաղ շրջանի:
Մեր համայնքը այն քիչ թվով բնակավայրերից է, որտեղ ժողովուրդը Վարդավառի տոնին համարժեք առայսօր օգտագործում է Նուրինուրիի տոնը: Գյուղում պահպանված ավանդույթներից է Բուլեյլի կամ գլուխ գովելու գեղեցիկ ավանդույթը աղջկա հարսանիքի առաջին իրիկունը հավաքվում են գյուղի երիտասարդները հարսնացուի մտերիմներից մեկի տանը և կազմակերպում գեղեցիկ երգի, պարի արարողություն, որի ժամանակ կլոր պար բռնած երիտասարդները երգում են ժողովրդական գողտրիկ խաղիկներ: Տոնը շարունակվում է գրեթե մինչև լույս: Առավոտյան հատուկ արարողությամբ պարին են միանում փեսացուի ընկեր – ընկերուհիները:
Հարթագյուղից 5 կմ հարավ է գտնվում Բագեր կամ Սրբի կոնդ կոչվող ուխտատեղին :
Բագերը` պատմական հուշարձաններով հարուստ տարածք է, մասնավորապես Բագերի մերձակայքում է գտնվում հին ամրոցատեղ ( ք.ա. II-I հազարամյակ): Բագերից մեկ կմ հարավ-արևելք է գտնվում միջնադարյան բնակատեղի (Խարաբեկ 15-ից-18-րդ դար):
Բագերը սրբավայր է, որի անունը և զորությունը բանավոր ժողովրդի հիշողությամբ հասել է մեր օրերը,առայսօր այն ուխտատեղի է, որտեղ (ք.ա 2492 –ք.հ 2008) Մեծ հաղթանակի և Հայկյան տոմարի հոբելյանական 4500ամյակի առթիվ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նախաձեռնությամբ նախատեսվում է կառուցել տաճարը և Հայկի հաղթասյունները:
Գյուղի տարածքում է գտնվում իր զորությամբ հայտնի Սուրբ Հովհաննես մատուռը:
Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցին կառուցվել է 1902թ., որը մինչև 20 –րդ դարի վերջը Արևելյան Հայաստանի միակ Սուրբ Նարեկ եկեղեցին էր:
Սուրբ Նարեկը, ցավոք, այսօր կիսախոնարհ վիճակում է և հիմնանորոգման կարիք ունի:
Հարթագյուղ – (Ղալթախչի(թուրքերենիցթարգմանաբար նշանակում է թամբ -թամբագործ):
Գյուղի բնակչության թիվը մեծապես համալրվել է արևմտահայերով 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմից հետո, համաձայն Ադրիանապոլսի 1829 թ. սեպտեմբերի 2- ի համաձայնագրի 75 – 80000 արևմտահայ է գաղթել ԱրևելաՀայաստան:
Հարթագյուղում են վերաբնակվել մեծամասամբ Բասեն, Մուշ, Ալաշկերտ գավառների բնակիչները; Հարթագյուղի բնակչությունը համալրվել է արևմտահայերով նաև 1918 թ. գաղթի ժամանակ:
1918 թ թուրքական արշավանքները Արևելյան Հայաստան առիթ դարձան գյուղի թալանի և ազգաբնակչության մասնակի գերեվարման: Նույն ճակատագրին են արժանացել հարևան գյուղերը:
1920թ-ին քեմալաբոլշևիկյան դաշինքը ձեռնարկեց թուրքական նոր արշավանք, որի ժամանակ քեմալական Թուրքիայի կողմից օկուպացվեց Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններ` Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի գավառը մինչև Լոռու չեզոք գոտին:
1920թ. նոյեմբերի 15 – ին օկուպացվեց Հարթագյուղը (Ղ ալթախչի):
Ամբողջ gյուղը թալանվել է, ազգաբնակչությունը ենթարկվել է վայրագ սպանդի: Ավարը այնքան մեծ էր և ոսկին շլացուցիչ ,որ թուրքերը գյուղը կոչեցին Քյուչուկ Իստամբուլ (փոքր Ստամբուլ):
1920 թ, արշավանքի ժամանակ Հարթագյուղի ամբողջ բնակչությունը սպանդի ենթարկվեց` առանց սեռի և տարիքային խտրականության:
Ներքո ներկայացվում է թաղման հանձնաժողովի ակտը`
(Պետ արխիվ , ֆոնդ 114 , ցուցակ 1 , գործ 135):
Նույն ճակատագրին է արժանացել Արևելյան Հայաստանի օկուպացված շրջանների ողջ հայ ազգաբնակչությունը: Սա քեմալական Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստ է Արևելյան Հայաստանում, որը Աբդուլ Համիդի երիտթուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության օրգանական շարունակությունն է:Նոյեմբերի 15-ը Հարթագյուղում հայտարարված է 1920 թ. նահատակների հիշատակի օր:
2002 թ. ապրիլի 24 – ին Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու խորանում ամփոփվեց գյուղի ջրհորներից մեկում հայտնաբերված 1920 թ. նահատակների մասունքները:
Հայաստանի խորհրդայնացումից հետո կոտորածից փրկված մեր համագյուղացիները վերակազմակերպեցին գյուղի տնտեսական և հասարակական կյանքը` շարունակական դարձնելով գյուղի պատմությունը:
Խորհրդային տարիներին կազմակերպված Հարթագյուղի կոլտնտեսությունը զբաղվում էր անասնապահությամբ` ձիաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կտավատի, կերային կուլտուրաների մշակմամբ, պտղաբուծությամբ, ինչպես նաև` մեղվաբուծությամբ:
Հարթագյուղի կոլտնտեսությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել իր կազմավորման ընթացքում: 1939 և 1948թթ Հարթագյուղի կոլտնտեսությունը մասնակցել է Ժողտնտեսության համամիութենական ցուցահանդեսներին:
Հարթագյուղի կոլտնտեսությունը 1950 թ-ին համալրում էր Խորհրդային Հայաստանի առաջին յոթ միլիոնատեր կոլտնտեսությունների շարքը` ընդ որում կոլտնտեսություններից վեցը Արարատյան դաշտում էին գտնվում, Հարթագյուղի կոլտնտեսությունը միակն էր նախալեռնային և լեռնային շրջաններում:
Հարթագյուղի կոլտնտեսությունը հանդիսանում էր առաջիններից մեկը հանրապետությունում դրամային վճարման անցած կոլտնտեսություններից:
Կոլտնտեսությունը մասնավորապես հայտնի էր ավանդական եղանակով կտավատի ձեթի արտադրությամբ, մեղվաբուծությամբ: Հետպատերազմյան շրջանում տնտեսության առաջատար ճյուղ էր հանդիսանում շաքարի ճակնդեղի մշակումը:
1931 թվականին կոլվարչության նախագահ է ընտրվում Գլախ Դանելի Աֆրիկյանը,որը երկար տարիներ արգասավոր աշխատանք է ծավալել գյուղում : Նրա անվան հետ է կապվում կոլտնտեսության բոլոր լուրջ ձեռքբերումները; 1941 - 45թթ-ի Հայրենական մեծ պատերազմին Հարթագյուղից մասնակցել են 151 մարդ, որոնցից 75 զոհվել են:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից`Թորոսյան Գուրգենը(կապիտան ), Գրիգորյան Սամսոնը (կապիտան) արժանացել ենՙ Արիության և Խիզախության՚ շքանշանի: Բանաստեղծ Աղաբեկ Գևորգյանը Մեծ Հայրենականում գերեվարվեց և երկար ժամանակ անհայտ էր նրա ճակատագիրը: Գեհենական ծանր պայմաններում հայորդի գերին մինչև 1947 թ. ֆիզիկական, հոգեբարոյական, հետո էլ քաղաքական տանջանքների և հալածանքների ենթարկվեց հիտլերյան և հետհիտլերյան Գերմանիայում: Ու թեև այսօր ապրում Է այնպիսի մի բանավանում, ուր հայ չկա, բայց և այնպես, նա շարունակում է հայերեն մտածել, հայերեն գրել և հայերեն բացվել - կիսվել իր ընթերցողի հետ` նրան մասնակից դարձնելով իր գաղութային նախկին վիճակին, բայց ոչ գաղութացված հոգուն և մտածողությանը: Այսօր էլ հաճախակի ջերմ հանդիպումներ է ունենում համագյուղացիների հետ:
1947 թ-ին ՀՍՍՀ 2-րդ գումարման Գերագույն Խորհրդի դեպուտատ է ընտրվում մեր համագյուղացի Հայաստան Հունանյանը: 1951 թվականին լախ Աֆրիկյանը ընտրվում է ՀՍՍՀ 3-րդ , 4-րդ և 5-րդ գումարման երագույն Խորհրդի դեպուտատ:
1988 թվականի դեկտեմբերի 7- ի ավերիչ երկրաշարժի հետևանքները նոր դժվարություններ առաջացրին Հարթագյուղի ազգաբնակչության համար:
Ավերվեց ամբողջ գյուղը, կային մարդկային զոհեր` 22 մարդ զոհվեց Հարթագյուղում, 80 մարդ էլ նախկին համագյուղացիներից զոհ գնացին: Աստծո ողորմածությամբ դպրոցում և մանկապարտեզում զոհեր չեղան:
Արցախյան ազատամարտին իր մասնակցությունն է բերել Հարթագյուղի երիտասարդությունը ՙԱրաբո՚ և ՙՀԱԲ ՚ ջոկատների շարքերում:
Այժմ Հարթագյուղի ազգաբնակչությունը հաղթահարում է երկրաշարժի հետևանքով առաջացած տնտեսական - հասարակական դժվարությունները:
Նոր տնտեսական և հասարակական հարաբերությունների ձևավորումը լուրջ դժվարություններ է առաջացրել Հարթագյուղի ազգաբնակչության համար: Դժվարությունները հաղթահարվում են և լիահույս ենք, որ հնարավորություն կստեղծվի վերականգնել մեր համայնքի երբեմնի տնտեսական հզորությունը:
Այժմ Հարթագյուղի ազգաբնակչությունը զբաղված է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակմամբ, պտղաբուծությամբ:
Վերականգնվել է կտավատի մշակումը: Թության ՍՊԸ-ն կազմակերպում է Հարթագյուղում սառը մամլման եղանակով կտավատի ձեթի արտադրություն Հայաստանում աճեցված բարձրորակ կտավատի սերմերից: